Տարվա տաք շրջանում՝ հիմնականում ամռան ամիսներին, ավելանում են աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների դեպքերը, ինչպես նաև բռնկումները:
Հայաստանում բարձր ջերմաստիճանով, սննդամթերքի բացօթյա ոչ ճիշտ պատրաստմամբ և հակասանիտարական պայմաններում վաճառքի հետ կապված՝ ընթացիկ տարում արդեն իսկ արձանագրվել են սննդային գործոնով պայմանավորված բռնկման դեպքեր, որոնց պատճառ են հանդիսացել արագ սննդի պատրաստման կետերից գնված սննդամթերքը (քաբաբ, շաուրմա և այլն), ինչպես նաև տարբեր կրեմային հրուշակեղենը:
Հարկ է նշել, որ սննդամթերքը դառնում է սննդային միջավայր մանրէների բազմացման համար, մասնավորապես՝ ամռանն արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի բացօթյա և այդ նպատակի համար չնախատեսված վայրերում վաճառքի իրականացմամբ, ինչը կարող է սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման ու տարածման պատճառ դառնալ:
Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.
- հետևել ձեռքերի հիգիենային, հատկապես` սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո լվացվել օճառով,
- սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,
- պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,
- ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,
- չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս- մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն,
- բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,
- սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի աղտոտումից կանխելու նպատակով,
- առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն),
- սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում։