
Ի՞նչ պարտադիր պատվաստումներ պետք է ստանալ այս կամ այլ երկիր մեկնելուց առաջ
Երբ մարդը որոշում է ճամփորդել, բացահայտել նոր երկրներ ու մշակույթներ, ոչ քիչ դեպքերում նաև ենթարկվում է որևէ վարակիչ հիվանդություն ձեռք բերելու վտանգին:
Կան մի շարք երկրներ, որտեղ այցելելու դեպքում պարտադիր է կամ ուղղակի խորհուրդ է տրվում որոշ հիվանդությունների դեմ ստանալ կանխարգելիչ պատվաստումներ: Պարտադիր պատվաստումն ամբողջ աշխարհում ընդամենը մեկն է` դեղին տենդի դեմ: Վերջինս փոխանցվում է հատուկ տեսակի մոծակների միջոցով: Ուղեկցվում է բարձր ջերմությամբ, ուժեղ գլխացավով, մեջքի և վերջույթների մկանների ցավերով, սրտխառնոցով և փսխումով:
Դեղին տենդի դեմ պատվաստված լինելու հանգամանքի մասին վկայող միջազգային հավաստագիրը, որն ի դեպ, հենց «դեղին հավաստագիր» էլ կոչվում է, պարտադիր պահանջվում է աֆրիկյան և լատինաամերիկյան երկրներ մուտք գործել ցանկացողներից` անկախ այն հանգամանքից, թե նրանք որտեղից են ժամանում:
Դեղին տենդի դեմ ճամփորդները պետք է պատվաստում ստանան ոչ ուշ, քան մեկնելուց 10 օր առաջ, որովհետև պաշտպանական մեխանիզմները զարգանում են տասը օրվա ընթացքում:
Կան նաև խորհուրդ տրվող պատվաստումներ` կախված տվյալ երկրի համաճարակային իրավիճակից: Օրինակ Հնդկաստան մեկնողներին խորհուրդ է տրվում անպայման պատվաստվել հեպատիտ Ա-ի դեմ: Մանավանդ եթե այդ այցելությունը երկարաժամկետ է, ու մարդն օգտվելու է հասարակական սննդի վայրերից:
Իսկ ահա եվրոպական երկրներ մեկնել ցանկացողներին առաջարկվում է պատվաստվել կարմրուկի ու կարմրախտի դեմ: Կենտրոնական Եվրոպայի երկրներում, օրինակ` Բուլղարիայում, Ռումինիայում, Գերմանիայում, Ռուսաստանի Դաշնությունում, այդ առումով համաճարակային իրավիճակն անհանգիստ է:
Խորհուրդ է տրվում պատվաստվել պոլիոմելիտի դեմ, եթե անձը որոշել է մեկնել օրինակ Աֆղանստան կամ Պակիստան. այդ երկրները պոլիոմելիտի առումով էնդեմիկ են, ու ժամանակ առ ժամանակ այնտեղ բնական վիրուսով պոլիոմելիտի դեպքեր գրանցվում են ու տարածվում աշխարհի տարբեր երկրներում, որտեղ հիվանդությունը վաղուց չի հանդիպել:
Իսկ վարակիչ հիվանդությունների առումով վտանգ ներկայացնող երկրների մասին տեղեկատվությունը մշակվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և պարբերաբար թարմացվում` ըստ երկրներում առկա համաճարակային իրավիճակի:
Քաղաքացիներին խորհրդատվություն տրամադրելիս մենք օգտվում ենք ընդհանուր առմամբ երկու տեղեկատվական աղբյուրից: Մեկը առողջապահության համաշխարհային կազմակերպության` ճանապարհորդների համար նախատեսված պաշտոնական կայքն է, որը հենց այդպես էլ կոչվում է` ճանապարհորդների առողջություն, և կա ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի հատուկ պաշտոնական կայքէջը, որտեղ ցանկացած երկրի վերաբերյալ կարելի է գտնել, թե ինչ կանխարգելիչ միջոցառուներ են խորհուրդ տրվում:
Դեղին տենդի դեմ մեկ անգամ ստացած պատվաստումը բավարար է ամբողջ կյանքում դրանից պաշտպանված լինելու համար: Իսկ օրինակ կարմրուկի ու կարմրախտի, ինչպես նաև պոլիոմելիտի դեպքում կարող է անհրաժեշտ լինել պատվաստում` 2-3 դեղաչափով` յուրաքանչյուրը մեկ ամիս պարբերականությամբ: Հետեւաբար հարկավոր է, որ ճանապարհորդել պատրաստվող անձը համապատասխան կաբինետ դիմի ուղեւորությունից մի քանի ամիս առաջ:
Իսկ եթե մարդը չի հիշում պատվաստումային իր կարգավիճակը, այսինքն` թե ժամանակին ո՞ր հիվանդությունների դեմ է ստացել կանխարգելիչ պատվաստում կամ ստացե՞լ է արդյոք, այդ դեպքում, կրկնակի պատվաստումը չի կարող վնասակար լինել:
Զբոսաշրջիկները Հայաստանից այլ երկրներ մեկնելիս խորհրդատվություն և պատվաստում ստանալու նպատակով պետք է դիմեն ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և ճանապարհորդների սպասարկման կաբինետ (հեռախոս՝ +37411 61 15 53, հասցե՝ Դավիթ Մալյան 37)։
Այն դեպքերում, եթե վերոնշյալ երկրներ այցելությունները պաշտոնական են, պատվաստումներն անվճար են, իսկ եթե ճամփորդությունը զբոսաշրջային է կամ անձնական այլ նպատակներով, իրականացվում են վճարովի պատվաստումներ:
Տեղեկատվություն փոխանցողներով պայմանավորված, մակաբուծային և այլ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ
Leave a reply