Համաձայն Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության 2014 թվականի հունիսի վերլուծության, Ճապոնիայում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութերը գրանցվել են 2009 թվականին, իսկ պատվաստումների գործընթացը մեկնարկել է 2010 թվականին: ՄՊՎ-ի դեմ պատվաստումները ներառվել են Պատվաստումների ազգային օրացույցում 2013թ ապրիլից: Սակայն, 2013 թ հունիսին Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունն առանձին հրամանով տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկել է դադարեցնել ՄՊՎ-ի դեմ պատվաստումների իրականացման ակտիվ խրախուսումը՝ հիմք ընդունելով հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի /մոտ 2000/ հաղորդման փաստը (ներարկման տեղում ցավ, շարժումների խանգարում): Միաժամանակ կտրականապես չի արգելվել ՄՊՎ-ի դեմ պատվաստումների իրականացումը, հետևաբար առողջապահական կազմակերպություններն առ այսօր շարունակում են ծնողներին առաջարկել ՄՊՎ-ի դեմ պատվաստումների ամբողջական փաթեթը և աջակցում են նրանց պատվաստումային գործընթացին: Նույն վերլուծականով նշվում է, որ 2013 թ. հունիսին Ճապոնիայի պատվաստումների անվտանգության փորձագիտական կոմիտեն եզրակացություն է տարածել հետևյալ բովանդակությամբ. «Կառավարությունը չպետք է խրախուսի ՄՊՎ-ի դեմ պատվաստումները, մինչև բավարար տեղեկատվություն տրամադրվի, որի հիման վրա բնակչությունը տեղեկացված որոշում կկայացնի»: Այս որոշումը հիմնավորված է միայն պատվաստման տեղում ցավի առկայության փաստով, այլ տվյալներ չեն ներկայացվել՝ բացատրելու հետպատվաստումային անբարեհաջող դեպքերը: 2014 թ. հունվարին նույն կոմիտեն եզրակացնում է, որ բոլոր հետպատվաստումային անբարեհաջող դեպքերը պատվաստվածների մոտ փսիխոսոմատիկ ռեակցիայի հետևանք են: Եզրակացության մեջ նշվում է, որ պատվաստումից 1 ամիս հետո առաջացած հետպատվաստումային անբարեհաջող դեպքերը պատճառահետևանքային կապ չունեն ՄՊՎ-ի դեմ պատվաստումների հետ: Այն դեպքերում, երբ փսիխոսոմատիկ ռեակցիայի արդյունքում պատվաստման տեղում առաջացած ցավը տևում է ավելի երկար, այսինքն քրոնիկ ընթացք է ստանում, դրանք կապված են այլ գործոնների հետ /ռևմատոիդ արթրիտ և այլն/:
Համաձայն Միջազգային հետազոտությունների և ռազմավարությունների կենտրոնի զեկույցի (CSIS), ՄՊՎ-ի դեմ պատվաստումների ճգնաժամը կապված է մի շարք հանգամանքների հետ: Առաջնահերթ՝ Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կողմից ՄՊՎ-ի դեմ պատվաստումների իրականացման մասին շուտափույթ ընդունված որոշումը, որը գիտականորեն ապացուցողական հիմքեր չի պարունակում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որոշ աղջիկներին փոխհատուցելու վերաբերյալ որոշումը՝ ՄՊՎ-ի դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապի բացակայության պայմաններում, սոցիալական համացանցում ասեկոսեների արագ տարածումը նպաստեցին ՄՊՎ-ի դեմ պատվաստումների նկատմամբ բնակչության վստահության անկմանը: Զեկույցում նշվում է նաև այլ երկրների փորձը, որտեղ ևս փորձեր են կատարվել ակնհայտորեն ժամանակային առումով պատվաստման հետ համընկնող դեպքերը կապել պատվաստումների հետ: Սակայն, այդ երկրների (Անգլիա, Ավստրալիա) կառավարությունների կողմից պատվաստումից հետո մինչև 24 ժամվա ընթացքում արագ արձագանքման և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում ոչ միայն ՄՊՎ-ի դեմ պատվաստումները չեն տուժել, այլև զգալի հաջողությամբ են իրականացվում: Ինչ վերաբերվում է ԱՀԿ պաշտոնական դիրքորոշմանը՝ Ճապոնիայի ՄՊՎ-ի դեմ պատվաստումների ճգնաժամի կապակցությամբ, ապա պետք է նշել, որ ԱՀԿ Պատվաստումների անվտանգության գլոբալ փորձագիտական կոմիտեն 2013թ. հունիսին նշել է. «ՄՊՎ-ի դեմ պատվաստումների անվտանգությանը կասկածելու հիմքեր չկան՝ հաշվի առնելով ամբողջ աշխարհում դրա լայն կիրառումը և ահազանգերի բացակայությունը: Հաշվի առնելով Ճապոնիայի դեպքերի հանրային հնչեղությունը, անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպք փաստագրել և ապահովել մանրակրկիտ բժշկական հետազոտություններ՝ լավագույն բուժման կազմակերպման նպատակով»:
Հարկ է նշել, որ Ճապոնիայում Իմունականխարգելման ազգային ծրագիրն առաջին անգամը չէ, որ ճգնաժամ է ունենում: Նմանատիպ իրավիճակ է գրանցվել Ճապոնիայում 70-ական թվականներին կապույտ հազի բաղադրիչով պատվաստումների դադարեցման հետ կապված, որի արդյունքում երկրում գրանցվեց կապույտ հազի բռնկում՝ մահվան դեպքերով: Արդյունքում՝ վերսկսվեց երկրում կապույտ հազի բաղադրիչով պատվաստումների իրականացումը: 1993 թվականին ԿԿԽ պատվաստումների դադարեցման արդյունքում երկրում գրանցվեց կարմրախտի բռնկում՝ 2013 հունվար-մայիս ժամանակահատվածում գրանցվեց 5442 դեպք՝ գերազանցապես տղամարդկանց շրջանում, քանի որ միայն աղջիկներին էր առաջարկվում կարմրախտի պատվաստում:
Ճապոնիայում շարունակվում են կատարել պատվաստումներ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ 13 տարեկաններին, եռանվագ։
Leave a reply