Արգանդի պարանոցի քաղցկեղը Գերմանիայում զբաղեցնում է 10-րդ տեղը՝ կանանց քաղցկեղների շրջանում, հիվանդացությունը 100 հազար բնակչի հաշվարկով կազմում է 10,8։ Արգանդի պարանոցի սկրինինգային ամենամյա հետազոտությունները ներդրված են Գերմանիայում 1970 թվականից, սկրինիգի հետազոտություններում կանանց ընդգրկվածությունը կազմում է 50%։ Գերմանիայի Դաշնությունում գործում է Պատվաստումների մշտական հանձնաժողով (STIKO), որի կազմում ընդգրկվում են երկրի առաջատար մասնագետները՝ առողջապահության նախարարության առաջարկով։ Հանձնաժողովն ունի 12-18 անդամ՝ ընտրված 3 տարի ժամկետով։ Տարին երկու անգամ Պատվաստումների մշտական հանձնաժողովը (STIKO) հրատարակում է տեղեկագիր, որով կանոնակարգվում է երկրում կատարվող պատվաստումային գործընթացը։ 2008 թվականին, նույն հանձնաժողովի առաջարկով, Գերմանիայի Դաշնությունում ներդրվել են մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներ։ ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն ընդգրկված են Գերմանիայի Դաշնության պատվաստումների ազգային օրացույցում։ Պատվաստումները կատարվում են 9-14 տարեկան աղջիկներին՝ երկնվագ օրացույցով, և 14-17 տարեկաններին՝ եռանվագ օրացույցով։ Պատվաստումը կատարվում է եռանվագ նաև այն աղջիկներին, որոնք պատվաստանյութի առաջին և երկրորդ դեղաչափերը ստացել են 6 ամսից ավելի պակաս ընդմիջումով։ Խորհուրդ է տրվում պատվաստումները սկսել մինչև սեռական կյանքի սկիզբը և ավարտել մինչև աղջկա 18 տարին լրանալը։ 18 տարեկանից բարձր կանանց կատարվում է կատարվել են միայն երեք դեղաչափ օրացույցով։ 2014 թվականից, հիմնվելով մի շարք հեղինակավոր կազմակերպությունների գիտական հետազոտությունների վրա, օրինակ՝ Եվրոպական բժշկական գործակալություն (European Medicines Agency), 9-14 տարեկան տարիքային խմբում պատվաստումները սկսեցին կատարել երկու դեղաչափ օրացույցով, 6 ամիս ընդմիջումով։ Պատվաստումների ընդգրկվածության վերաբերյալ միասնական ռեգիստր չի վարվում, այդ պատճառով ընդգրկվածության տվյալները լիարժեք չեն։ 1995, 1996, 1997 թվականին ծնված աղջիկների ընդգրկվածությունը ՄՊՎ-ի դեմ պատվաստումներում 1 դեղաչափով կազմում է համապատասխանաբար 63.4%, 58.9%, 54.5% և երկու դեղաչափով 55.6%, 45.9%, 37.7%։ Պատվաստումները կատարվում են հիմնականում քառավալենտ Գարդասիլ պատվաստանյութով, օգտագործվում է նաև Ցերվարիքս պատվաստանյութը։ 2016 թվականի ապրիլից Գերմանիայում լիցենզավորվել է նաև իննավալենտ Գարդասիլ պատվաստանյութը, որը, սակայն, դեռ լայն կիրառում չունի։ Գերմանիայի Կոխի ինստիտուտը առաջարկում է ՄՊՎ-ի դեմ պատվաստաումների բոլոր դեղաչափերը ստանալ նույն պատվաստանյութով։ Ներդրման ժամանակ՝ 2007 թվականին, Գարդասիլի 3 դեղաչափի արժեքը կազմել է մոտավորապես 500 Եվրո, որը վճարվել է ապահովագրական ընկերությունների կողմից։

Leave a reply