ԱՄՆ-ում ՄՊՎ-ի դեմ պատվաստումները ներդրվել են 2007 թվականին: ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն իրականացվում են 11 տարեկան և բարձր տարիքի անձանց՝ 3 դեղաչափ օրացույցով: ԱՄՆ-ում 2011 թ. հունիսի 22-ի դրությամբ օգտագործվել է Gardasil պատվաստանյութի 35 000 000 դեղաչափ։ Գրանցվել է 18 727 հետպատվաստումային անբարեհաջող դեպք, որը կազմում է պատվաստվածների 0.1%-ը (ուշագնացություն, գլխապտույտ, սրտխառնոց, գլխացավ, տենդ, ներարկման տեղի ցավոտություն)։ Հաշվառվել են պատվաստումից հետո մեկ տարվա ընթացքում մահերը՝ գրանցվել է 68 դեպք, որոնցից և ոչ մեկը կապ չի ունեցել պատվաստման հետ։
Այսպիսով, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնների (CDC) տեղեկատվության համաձայն չի նկատվել մահվան դեպքերի որևէ անսովոր օրինաչափություն կամ խմբավորում, որը թույլ կտար ենթադրել, որ դրանք կապված են պատվաստման հետ: Գրանցված մահվան պատճառները ոչ մի կապ չունեն պատվաստման հետ:
Գծապատկեր 1. ԱՄՆ–ում ՄՊՎ հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի գրանցման համակարգ: Աղբյուր՝ ԱՀԿ զեկույց
Հիմնվելով պատվաստանյութի անվտանգության շարունակական գնահատման տեղեկատվության վրա, ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղամիջոցների գործակալությունը /FDA/ և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնները /CDC/ գտնում են, որ Գարդասիլ պատվաստանյութն անվտանգ և արդյունավետ է: ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղամիջոցների գործակալությունը /FDA/ և ԱՄՆ CDC-ին շարունակում են մշտադիտարկել այս պատվաստանյութի անվտանգությունը:
ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղամիջոցների գործակալությունը Գարդասիլը գրանցել է 2006թ. հունիսի 8-ին: Այն կիրառվում է 9-26 տարեկան կանանց շրջանում ՄՊՎ-16 և ՄՊՎ-18 շճատիպերով պայմանավորված արգանդի պարանոցի, հեշտոցի և արտաքին սեռական օրգանների քաղցկեղի և ՄՊՎ-6, ՄՊՎ-11 շճատիպերով պայմանավորված սեռական գորտնուկների կանխարգելման համար: ԱՄՆ-ի CDC-ի Իմունականխարգելման խորհրդատվական հանձնաժողովը (ACIP) առաջարկում է 11-12 տարեկան աղջիկների 3 դեղաչափ օրացույց: Պատվաստումները առաջարկվում են նաև 13-26 տարեկան կանանց և աղջիկներին, որոնք չեն պատվաստվել կամ ստացել են 3-ից պակաս դեղաչափ:
Գարդասիլի անվտանգության և արդյունավետության վերաբերյալ հետազոտություններում ընդգրկվել են մոտ 21,000 կին և աղջիկ, մինչև պատվաստանյութի FDA–ի կողմից հաստատվելը: Հետազոտվածների մի մասը պատվաստված էր, իսկ մյուսը՝ չպատվաստված հսկողական խումբն է: Այս հետազոտությունները ցույց տվեցին, որ 6,11,16,18 շճատիպերով երբևէ չվարակված կանանց շրջանում կանխարգելվել են արգանդի պարանոցի, հեշտոցի և արտաքին սեռական օրգանների նախաքաղցկեղային վիճակները և քաղցկեղը, ինչպես նաև սեռական գորտնուկները: Այս պատվաստանյութը կարևոր կանխարգելիչ գործիք է արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման գործընթացում և կարող է նպաստել միլիոնավոր կանանց առողջությանը: Յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ում 12000 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ, 4,000 կին մահանում է այդ հիվնադությունից: Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարի հայտնաբերվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 470,000 դեպք, 233,000 մահ:
Հիմնվելով պատվաստանյութի անվտանգության շարունակական գնահատման տեղեկատվության վրա, ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղամիջոցների գործակալությունը /FDA/ և ԱՄՆ CDC-ին գտնում են, որ Գարդասիլ պատվաստանյութն անվտանգ և արդյունավետ է, օգուտները շարունակում են գերակշռել ռիսկերը:
Հղում՝ https://www.fda.gov/BiologicsBloodVaccines/SafetyAvailability/VaccineSafety/ucm179549.htm
ԱՄՆ-ում իրականացվել են բազմաթիվ այլ հետազոտություններ ՄՊՎ-ի դեմ պատվաստումների արդյունավետության և անվտանգության վերաբերյալ, օրինակ՝
- .«ԱՄՆ-ում ՄՊՎ-ի դեմ պատվաստումների ներդրման արդյունքում մարդու պապիլոմավիրուսի տարածվածությունը երիտասարդ կանանց շրջանում» National Health and Nutrition Examination Surveys,2003-2010. Markowitz LE, et al. J Infect Dis. 2013;208(3):385-393.
https://academic.oup.com/jid/article-lookup/doi/10.1093/infdis/jit192 - ՄՊՎ-ի 16/18 շճատիպերով ասոցացված արգանդի պարանոցի ախտահարումների նվազումը ՄՊՎ-ի դեմ պատվաստումներից հետո, 2008-2012թթ. Hariri S, et al; Vaccine. 2015;33(13):1608-1613. https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/25681664