Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, պայմանավորված բնակչության սերտ շփումներով, հետգրիպային բարդություններով ծանր հիվանդության դեպքերը հիմնականում արձանագրվում են ամանորյա տոներից հետո՝ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը կրկին հորդորում է.

  • հնարավորության սահմաններում զերծ մնալ շփումներից. անգամ մեկ համբույրը կարող է պատճառ դառնալ գրիպով վարակվելուն, ինչը ռիսկային է նորածինների և վաղ մանկական տարիքի երեխաներ համար,
  • հնարավորինս չմասնակցել զանգվածային միջոցառումների,
  • բացառել հոսպիտալացված հիվանդներին, հարազատներին տեսակցությունները, քանի որ գրիպը և սուր շնչառական վարակները տարածվում են օդակաթիլային ճանապարհով և անգամ մեկ հիվանդը բավական է շրջապատի առողջ մարդկանց վարակելու համար,
  • խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  • չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
  • հագնվել եղանակին համապատասխան,
  • հաճախակի օդափոխել փակ տարածքները,
  • օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ,
  • պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը,
  • եթե պատկանում եք ռիսկի խմբին, ապա անհրաժեշտ է ԱՆՀԱՊԱՂ պատվաստվել գրիպի դեմ,
  • հետևել անձնական հիգիենային:

Հիշեցնենք, որ գրիպը լայնորեն տարածված վիրուսային հիվանդություն է: Գրիպի հարուցիչները Ա, Բ և Ց տեսակի վիրուսներն են։ Գրիպով հիվանդանում են բոլոր տարիքի անձինք, քանի որ վիրուսի հանդեպ ընկալունակությունը շատ բարձր է, իսկ հիվանդությունից հետո ձեռք բերված իմունիտետը թուլանում է վիրուսի նոր հատկություններ ձեռք բերելու հետևանքով:

Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, ով շրջապատի համար վտանգավոր է հիվանդության առաջին օրից մինչ լրիվ ապաքինումը։ Գրիպի հարուցիչն ախտահարում է շնչուղիների լորձաթաղանթը, որտեղից լորձի փոքրիկ մասնիկները վիրուսի հետ միասին հազալու, փռշտալու և խոսելու ժամանակ արտազատվում են արտաքին միջավայր և վարակում շրջապատի անձանց։

Գրիպի հիմնական ախտանշաններն են՝

  • ջերմություն (39-40°),
  • հազ,
  • կոկորդի ցավ,
  • մարմնի ջարդվածության զգացողություն,
  • հոգնածություն,
  • գլխացավ։
Leave a reply